Պայթյուն` հանրային եւ ատոմային

Ակադեմիկոս Սուրեն Այվազյանն այն անհատն է, ում ջանքերով նաեւ հնարավոր եղավ կազմակերպել Արցախն ազատագրելու պայքարի վերջին փուլը: Հիմա շատերը հայոց արեւելյան տարածքների մի մասի ազատագրման դերակատարումը վերագրում են մարդկանց մի խմբի, որի ղեկավարի իրական նպատակը բոլորովին այլ է եղել:
Բացի այդ, հայոց նորագույն պատմության ողբերգական դրվագներից մեկը՝ Սպիտակի երկրաշարժի առեղծվածը շատերին է մտահոգում, մինչդեռ դրա պատասխանը ժամանակին տվել են տեղյակ մարդիկ: Ահա թե ինչու որոշեցինք հանրության ուշադրությունը հրավիրել փաստերին:  Պարոն Այվազյանի հետ զրույցը շատ երկար տեւեց, սակայն դրանից կհրապարակենք միայն, մեր կարծիքով, առավել այժմեական հատվածները:

Շարժումն սկսված էր վաղուց

-<<Ղարաբաղ>> կոմիտեն ստեղծվեց անհնարինը հնարավոր դարձնելո՞ւ նպատակով:
- Մինչ 1965թ. ստալինյան ազդեցությունը շատ մեծ էր, իսկ Եղեռնի մասին չէին էլ ուզում հիշել: Սակայն, որոշ մարդիկ զբաղվում էին այդ խնդիրներով: Մինչեւ 1965թ. ես եւս զբաղվել եմ հայկական հողերը՝ Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը վերադարձնելու գործով: Ծագումով հայրական կողմից սասունցի-մշեցի եմ, մայրական կողմից`էրզրումցի-վանեցի, ինքս էլ Թիֆլիում եմ ծնվել, եւ այդ խնդիրներին վերաբերող տեղեկատվության մեծ պաշար ունեի: Բաց նամակներ էի գրում Մոսկվա, տեղական իշխանություններին, ազգային հարցն էի առաջ քաշում: Մեծ պատմաբան ու պետական գործիչ Ջոն Կիրակոսյանը մի անգամ ասաց. <<Սուրեն, բացի նամակներից դու պետք է լուրջ գործով զբաղվես>>: Նրա առաջարկով ստեղծեցի 30 հոգանոց կոմիտե, որը կոչվեց <<Ղարաբաղ>>: Խմբում ներգրավվեցին իսկական հայրենասերներ:

Արցախյան շարժման անդամները (1988թ.)

Նկարում` Կենտրոնում` Զարեհ Մելիք-Շահնազարյան, աջից` <<Ղարաբաղ>> կոմիտեի նախագահ Սուրեն Այվազյան

Ջոն Կիրակոսյանի հանձնարարությամբ Ս. Այվազյանը հանդիպել է այն ժամանակվա ԽՍՀՄ արտգործնախարար Ա. Գրոմիկոյի հետ: Վերջինս նկատել է, որ հայկական հողերի խնդիրը լուծելու համար հարկ է ճշտել դրանց սահմանները: Ջ. Կիրակոսյանը չի ցանկացել դիմել ՀԽՍՀ ԳԱ մասնագետներին. <<Եթե ես այս հարցը բարձրացնեմ ակադեմիայի առջեւ, նրանք մի 10 տարի գործ կանեն, 10 մլն. էլ փող կուզեն, վերջում էլ սուտ տեղեկատվություն կտան: Ինքդ ուսունասիրիր>>, – հանձնարարել է նա: Կարճ ժամանակում Ս. Այվազյանը հավաքել է անհրաժեշտ բոլոր տվյալները եւ ներկայացրել Ջ. Կիրակոսյանին: Վերջինս անմիջապես ընթացքէ տվել գործին: Միաժամանակ բազմացվել է կազմված քարտեզը եւ բաժանվել՝ քարոզչական նկատառումով:

- Հայաստանի ամեն մի շրջանում 4-5 հոգանոց բջիջներ ունեինք, – պատմում է պրն Այվազյանը: – Ջ. Կիրակոսյանն ինձ տալիս էր անհրաժեշտ տվյալները, իսկ արտերկրի հետ կապն ինքն էր պահում: Օրերից մի օր ինձ կանչեցին ՊԱԿ, որի ղեկավարը՝ Մարիուս

Յուզբաշյանը, արցախցի էր, պատերազմի հերոս եւ մեծ հաճույքով ինձ ընդունեց: Դրանից հետո նրան միշտ տեղյակ էի պահում գործունեությանս մասին: Կենտկոմի հետ էլ կապ կար. երիտասարդ գիտնականիս ՀԽՍՀ ղեկավարությունը չէր խանգարում, որովհետեւ
աշխատում էի օրենքի սահմաններում:
Ս. Այվազյանը լավ գիտեր, որ հայերը հիմք ունեն այդ խնդիրներն արծարծելու եւ ակնկալելու դրական լուծում՝ հենց խորհրդային տարիներին: <<Բայց միեւնույն ժամանակ Կրեմլից ասում էին՝ մեզ համոզել եք դուք՝մտավորականներդ, բայց արդյո՞ք դա ժողովրդի պահանջն է: 1987թ. էր. 2,5 էջանոց մի նամակ գրեցի, եւ 125 հզ. ստորագրություն հավաքվեց: Ներկայացրի Կ. Դեմիրճյանին, ուղարկեցի Գորբաչովին…>>, – պատմում է նա:
Եղել են նաեւ սադրանքներ, ձերբակալելու փորձեր, քանի որ Արդբեջանն էլ քնած չէր: Ի դեպ, կոմիտեի գործունեությունը Հայաստանում, Արցախում ու Մոսկվայում ֆինանսավորվել է բացառապես Ս. Այվազյանի անձնական միջոցներով:

Նրանք փչացրին գաղափարը

Արցախի միացումը Հայաստանին շարժումն ունի նաեւ <<կանաչ>> փուլ, երբ պահանջը քողարկվեց բնապահպանականով: Պարոն Այվազյանն ասաց, որ դա նույնպես համաձայնեցված է եղել ՀԿԿ Կենտկոմի հետ: Փաստորեն, ԽՍՀՄ օրոք հնարավոր է եղել Ազգային խնդրի մասնակի լուծումը, որը, սակայն, իրադարձությունների բերումով հնարավոր չեղավ: Իհարկե, Կոմիտեի եւ գաղափարի այլ ջատագովների ջանքերով ԼՂԻՄ-ի, ապա եւ՝ ՀԽՍՀ-ի օրենսդիր մարմիններն ընդունեցին միավորմանը վերաբերող որոշումներ, բայց…
Այդ ընթացքում որոշ ուժեր արդեն ամենինչ անում էին շարժումն այլ հուն տեղափոխելու նպատակով: <<12 տարվա ընթացքում ոչ մի տեղից փող չեմ ստացել, իսկ սրանք սկսեցին հանրահավաքի ժամանակ, իբրեւ թե Ղարաբաղի համար, փող հավաքել: Իմ ունեցած տվյալներով, մի հանրահավաքում ձեռք գցեցին 6-7 մլն. ռուբլի: Մարդիկ կային, ովքեր վերջին լուման էին տալիս շարժմանը: Ահռելի գումար էր դա: Այդ ընթացքում ես 50 հզ. դոլար ստացա <<Հնագույն Հայաստանի մշակույթի պատմություն>> գրքի հրատարակումից (1985թ.15 հզ. հատ տպագրվեց այստեղ, իսկ 1988թ.Լիբանանում՝ 50 հզ. օրինակով): Այդ փողն անմիջապես ուղարկվեց Ստեփանակերտ՝ հնարավոր հարձակումներից Արցախի պաշտպանությունը կազմակերպելու համար: Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ էր: Իսկ հանրահավաքի ժամանակ հավաքված փողերը կորան: Հետո Սումգայիթ եղավ, Բաքուն 20կգ ոսկի կաշառք տվեց Կրեմլի հզորներին…>>, – մռայլվեց Ս. Այվազյանը:
Դրանից հետո իրադարձությունների բնույթը փոխվեց՝ շարժման ղեկավարների ու իրավիճակի առումով: <<…Ռաֆայել Ղազարյանը, ով նույնպես ֆիզիկոս էր, մի առիթով ասաց, թե ուզում են <<Ղարաբաղ>> կոմիտե ստեղծել, որի ղեկավարը լինելու է Վազգեն Մանուկյանը, իսկ կազմում Վանո Սիրադեղյանն է, Համբարձում Գալստյանը… Բոլորին ճանաչում էի, բայց ասաց նաեւ, որ նրանցից մեկն ինձ անծանոթ է, ու անունը տվեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյան:
Լեւոնին տեսել էի Մատենադարանում, տնօրենի ընդունարանում, բայց առանձնապես ուշագրավ մարդ չէր: Ասացի, որ հիմարություն չանեն, քանի որ այդ անվանումով կոմիտե արդեն վաղուց կա ու հայտնի է ամենուր: Հանդիպեցինք. Հ. Գալստյանն էր եկել, Ռ. Ղազարյանը, Վ. Սիրադեղյանը ու էլի մեկը: Բացատրեցի խնդիրը, ներկայացրի արված գործը: Սրանք, իբր, համոզվեցին, ասացին՝ Վազգեն Մանուկյանին կտեղեկացնենք: Լեւոն չկար անտեղ: Այսպես գործին խառնվեցին <<անտեղյակ>> մարդիկ ու ամեն ինչ տարան այլ ուղով…>>:

Երկրաշարժ՝ ատոմային պայթյուններով

Արցախյան շարժման ընթացքում մի դրվագ կա, որն ամեն կերպ փորձում են անտեսել <<պատասխանատու այրերը>>: Սպիտակի երկրաշարժը: Այն ժամանակ խոսակցություններ եղան, որ դա ծրագրված պայթյուն է եղել՝ շարժումը խեղդելու նպատակով:
Շատ մեղմ ձեւերով այդ ձայները լռեցվեցին: Իսկ թե ինչ է եղել իրականում, պատմեց ինքը՝ երկրաշարժային զենքի հիմնադիրներից Սուրեն Այվազյանը:
Մոսկվայի համալսարանի երկրաբանության եւ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա, մրցույթում հաղթելով, հնարավորություն է ստանում զբաղվելու հակահրթիռային պաշտպանության խնդիրներով:
- 1943թ. ԽՍՀՄ-ը չէր կարողանում լուծել մի կարեւոր խնդիր, իսկ ես 2 ամսում գտա այն ալիքը, որը 4.5 կմ բարձրությունում ոչնչացնում է հրթիռը… Դա 1957թ. նոյեմբերի 7-ն էր: Պաշտպանության նախարար մարշալ Ժուկովն այդ առիթով մեր խումբը հրավիրեց Մոսկվա: Մեր ուսումնասիրած բնագավառը, այդ թվում՝ ատոմային, վերահսկում էր Պետանվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի 1-ին կարգի գաղտնիության բաժինը: 1967թ. դարձա Պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1981թ. ստացա ինժեներական զորքերի գեներալ-մայորի կոչում:
Մասնակցել եմ մի քանի զենքեր ստեղծելու գործընթացների, ընդ որում՝ հակազդող: 1971թ. մշակեցի երկրաշարժն ուժեղացնելու, այսինքն՝ ստեղծեցի արհեստական երկրաշարժ ստեղծելու տեսությունը:
Փորձարկումներ եղան… Ներսեսով  ազգանունով (բաքվեցի էր) մի հայ գիտնական էր փորձերն անում (ակադեմիկոսը մասնագիտորեն բացատրեց պայթյունը կազմակերպելու եւ ղեկավարելու նրբությունները, սակայն, տեղի սղության պատճառով, դուրս ենք թողնում այդ նյութը. այս պահին մեզ հետաքրքրողը փաստն է): 1987թ. վերջին ԱՄՆ-ն կարողացավ արհեստական երկրաշարժ անել՝ ատոմային վակուումային ռումբ պայթեցնելով. ստացվեց 4-5 բալանոց երկրաշարժ: Խորհրդային Միությունն ուշացել էր, եւ Գորբաչովը պահանջեց շտապ ձեռնամուխ լինել փորձարկումների: Դրանք, ինչպես ես էի նախատեսել, պետք է տեղի ունենային Ղազախստանում՝ Սեմիպալատինսկում, բայց տեղի ղեկավարությունը չհամարձակվեց դա անել: Որոշեցին զենքը գործադրել Սառուցյալ օվկիանոսում՝ Նովայա զեմլյա կղզում, որն անմարդաբնակ է: ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովն առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում հարկ կլինի շինություններ կառուցել, անասուններ լցնել դրանց մեջ (ավերածության չափն ու զոհերի թիվը ճշտելու  նպատակով), իսկ դրա համար ժամանակ ու լրացուցիչ ծախս է հարկավոր: Ինչ-որ մեկն առաջարկել է. քանի որ Հայաստանում հակախորհրդային շարժում է սկսվել, ճիշտ կլինի հենց այնտեղ էլ փորձարկել, առավելեւս, որ այնտեղ՝ Սպիտակի ընդերքում արդեն պատրաստի՝ դատարկ տարածքներ կան, բացի այդ, առկա է խիտ բնակչություն… Յազովն այդ ընթացքում մի քանի անգամ եկավ Հայաստան: Ինքս եմ տեսել Սեւանից Երեւան եկած՝ այդ զենքը տեղափոխող շարասյունը, որը հետո շարժվեց դեպի Լենինական:
1988թ. սեպտեմբերն էր: Հայաստանի վտանգված տարածքների թուրքական բոլոր գյուղերն արդեն հրահանգ էին ստացել: Թուրքերը գնում էին ու ասում հայերին. <<Այ, կտեսնեք, թե ինչ կլինի ամսի 7-ին>>: Դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին պայթեցրին ատոմային ռումբերը՝ վակուումի պայմաններում,իսկ ամսի 7-ին  տեսանք հետեւանքը (նախորդ օրերին ընդերքում կուտակված լիցքը պետք է դրսեւորվեր): Այնպիսի ավերածություններ եղան, որ շատ բան տեսած զինվորականներն ասում էին, թե Ստալինգրադում անգամ այդպիսի բան չի եղել: Իմ հոգեկան վիճակն ահավոր էր, քանի որ այդ ռումբերի ստեղծողներից էի: Հայաստան եկավ Նիկոլայ Ռիժկովը, ում մերոնք հերոս են դարձրել ու արձան կանգնեցրել: ԽՍՀՄ վարչապետն էր. եկել, տեսել էր ու գաղտնի հեռագիր ուղարկել Ռոստով. <<Ուղարկեք հարյուր հազարավոր դագաղներ>>: Իսկ մեզ ասացին, իբր, զոհերի թիվը 24-25 հզ. է: Ընկերներիցս մեկն այն ժամանակ Հայաստանի ՆԳՆ գնդապետ էր, բոլոր հաշվարկները նա էր անում: Դեկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին ոչ մի հաշվարկ չի եղել. դիակները թաղում էին առանց հաշվելու: Այն ժամանակ Լենինականի (Գյումրի) բնակչությունը 350 հզ. էր, մի 100 հզ. մարդ էլ եկել էր Նախիջեւանից, Արցախից: Սպիտակում էլ ոչ թե 40 հզ. բնակիչ էր, ինչպես ներկայացնում են պաշտոնապես, այլ, նվազագույնը, 60 հզ: 350 հզ.  զոհ տվեցինք, ասում եմ որպես մասնագետ: Դրա համար էլ Գորբաչովը վազելով եկավ Հայաստան ու, երբ Շեւարդնաձեին հարցրել է, թե ինչ է եղել, սա պատասխանել է. <<Այդպիսի արդյունքների չէինք սպասում>>:
- Կարծում եք՝ մեր հատուկ ծառայություններն անտեղյա՞կ են եղել:
- Նախօրյակին Ծաղկաձորում ապրող մի գեներալ զանգահարել է Մոսկվա՝ կնոջն ու ասել. <<Ես կգամ փորձարկումից հետո>>: Լենինգրադից դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը պահանջում էր. <<Ազատեք Լենինականը, բնակչությանը հանեք>>: Ինձ էլ են անձամբ զգուշացրել: Սուրեն Երեմյանի կինը՝ տիկին Ռուզաննան, հոկտեմբերի վերջերին զանգահարեց. <<Սուրեն, գիտե՞ք, Դիլիջանում հանգստանում էի, մի ռուս կին կար հետս, ասաց, որ Հայաստանին շատ վատ բան է սպասվում, հարկավոր է այստեղից շատ արագ գնալ>>: Դա առաջին ահազանգն էր, զանգահարեցի ՊԱԿ, մի գնդապետի հայտնեցի այդ մասին, ասաց՝ չգիտեմ: Բայց, ըստ երեւույթին, կային տեղյակներ…
- Կարծիք կա, որ արհեստական երկրաշարժին զուգորդել է բնականը:
- Ոչ, առաջացրել է: Հայաստանում երկրաշարժերը հորիզոնական ալիքով են, իսկ դա ուղղահայաց էր: Ամեն ինչ արեցի ճշմարտությունը բացահայտելու համար, բայց ինձ ձերբակալեցին…

Լեւոնը թշնամու բանակից էր

- Անդրադառնանք շարժմանը: Լ. Տեր Պետրոսյանի հայտնվելը ծրագրվա՞ծ էր:
- Իհարկե: Երբ ես ազատվեցի կալանքից ու եկա Երեւան, արդեն նրանց ձեռքն էր ընկել ամեն ինչ: 1991թ. մարտի 1-ին <<Կոմսոմոլսկայա պրավդա>>-ում գրված է Մութալիբովի եւ Լ. Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին: ՀՀ-ի ղեկավար Տեր-Պետրոսյանն ասում է՝ Ղարաբաղի քաղաքական ինքնավարությունը տալիս ենք Ադրբեջանին: Այսինքն՝ ամեն ինչ մնում էր նախկինի պես: Թերթի այդ համարի՝ Հայաստան հասած ամբողջ տպաքանակը վառեցին, բայց Մոսկվայում ես կարդացել եմ: Լ. ՏերՊետրոսյանի բոլոր քայլերը մինչեւ հիմա էլ ծրագրված են: Լեւոնին պետք է… դատել: Եթե Հայաստանի բանակը կռվեր, մենք Բաքուն 2 օրում կվերցնեինք, բայց կռվում էին միայն ազատամարտիկները: Փամփուշտ չկար: Այդ նույն ժամանակ Կիրովաբադից բոլորը փախել էին, բայց Լեւոնը Դեմիրելին խոստացել էր զորքն առաջ չշարժել:
- Դուք չեք թաքցնում, որ համագործակցել եք ՊԱԿ-ի հետ: Ձեր հակառակորդներն էլ կասեն, որ Դուք ՊԱԿ-ի դրածո եք եղել:
- Բայց ես երբեք էլ դա չեմ թաքցրել, որովհետեւ վախենալու բան չունեմ: Հրթիռաշինության ու հակահրթիռային զենք ստեղծելու մենաշնորհը ՊԱԿ-ինն էր, ես էլ այդ համակարգի սպա էի: Այն ժամանակ ու հիմա էլ ծառայում եմ Հայաստանին:
- Կարո՞ղ ենք փաստել, որ Դուք դեմ եք եղել Հայաստանի անկախացմանը:
- Վստահ էի, որ դա պետք է անել այն ժամանակ, երբ գոնե ԽՍՀՄ կազմում եղած հայկական հողերը վերցրած կլինեինք, իսկ դա հավանական էր:

<<Լուսանցք>> շաբաթաթերթ /թիվ 34 /73/, 26 սեպտեմբերի-2 հոկտեմբերի, 2008թ./

 

Leave a Reply