Հայոց ինքնությունը` քավության նոխա՞զ…

 Հերթական ցնցող լուրն ստացվեց Թիֆլիսից: Հունվարի 23-ին, ժամը 3-ին տեղի է ունեցել ծրագրված և կանխամտածված հարձակում Թիֆլիսի հ. 104 դպրոցի վրա: Դաժան և անողորմ ծեծի են ենթարկվել դպրոցի 14-17 տարեկան աշակերտները: Հիմնական նպատակն այն է, որ կոտրեն և ահաբեկեն ազգային արժանապատվություն ունեցող և ըմբոստ հայ երեխաներին:

Իշխանություններն անցել են կոպիտ և խտրական մարտավարության. այժմ ցանկանում են հ. 104 հանրակրթական միջնակարգ հայկական դպրոցի անվանումից հանել <<հայկական>> բառը: Խնդիրն այն է, որ գործում է վրացական համակարգը` հանգամանորեն մշակված ու ծրագրված եղանակներով: Ընդ որում, վրացական իշխանությունները գործում են շատ գրագետ և քայլերը ճշգրիտ հաշվարկելով: Այսպիսով` Հայաստանի իշխանությունների դիվանագիտական նրբանկատությունը և վարվելակարգը, որպես կանոն, վրացական իշխանությունները համարժեք վերաբերմունքի չեն արժանացնում: Կատարվել է հերթական մութ գործարքը ՀՀ քաղաքացի, Երևանից ժամանած ոմն գործարարի հետ, ով ներկայանում է իբրև հովանավոր: Նրա տղան սովորում է այդ դպրոցում և կատարում սադրիչի գործառույթ. իրեն լկտի և սանձարձակ է պահում դպրոցում` հայհոյելով և ծաղրելով տեղի հայ երեխաներին: Բնականաբար, վերջիններս չն հանդուրժել և հակահարված են տվել: Նա օգնության է կանչում հորը և ինչ-որ կասկածելի մարդկանց, ովքեր ծեծում են երեխաներին ու <<պաշտպանում>> այդ տղայի <<պատիվը>>: Լավ է մտածված, չէ՞… Իսկ այս գործի առանցքն այն է, որ այդ անձը Թիֆլիսիում զբաղվում է երշիկեղենի առևտրով (գործակցում է Վրաստանի ուժային կառույցների հետ): Երբ իրենց երեխաներին պաշտպանում են ծնողները, ապա բաժին է հասնում նաև նրանց: Այնպես որ, գործարարության հնարավորություն է տրված միայն այս կարգի ծառայության դիմաց:

Երևույթի սևեռուն և հեռահար նպատակը հայոց դպրոցի` թիֆլիսահայության կրթական վերջին միջնաբերդի փակումն է: Տարիներ առաջ` 2004-ին, ևս եղել էին նույպիսի հարձակումներ` ահի ու սարսափի մթնոլորտ ստեղծելու և ուսման գործընթացն անհնարին դարձնելու համար: Դրան անդրադարձել է <<Երկիր>> թերթը (2-8. 06. 2004թ.): Այն ժամանակ ևս պատճառ կար. վրացական ինչ-որ կազմակերպություններ տարածքներ էին պահանջել և մերժում ստացել: Այն ժամանակ քրեական գործ չհարուցվեց, և հանցագործները մնացին անպատիժ: Այս ծեծկռտուքի տեսարանները հատուկ <<բեմադրել էին>> ուժային կառույցների <բեմադրիչնները>` անպայման գործ հարուցելու և դպրոցն ամեն գնով վարկաբեկելու նպատակով: Փաստորեն, գործ ունենք մշակված և նրբամիտ սադրանքների հետ: Վրացական իշխանությունները լկտիորեն գործում են ազգային խտրականության և թշնամանքի կանոններով: Նրանց ձգտումն է չեզոքացնել հայրենասեր և քաղաքացիական նկարագրով օժտված ծնողներին, ովքեր դեր ու կշիռ ունեն վիրահայության շրջանում: Ահա այդպիսի մի անհատ է քաղաքագետ Յուրի Մկրտումյանցը, ով լուրջ հեղինակություն ու համարում ունի իր հարենակիցների և վրացիների շրջանում: Ի դեպ, կան տվյալներ, որ այս պղտոր ու նենգ գործընթացները համակարգում է ոչ անհայտ <<Վրաստան>> թերթի խմբագիր, Վրաստանի նախագահի ազգային հարցերով խորհրդականի տեղակալ Վան Բայբուրթը: Վերջինս ասում է, որ հարկավոր է դպրոցի բակը զիջել վրացիներին` ավելացնելով. <<Մի քանի տարի հետո այստեղ հայկական ոչինչ չի լինելու>>: Պետք է վերջապես ընկալել և հասկանալ վրացական հոգեբանության նրբություններն ու յուրահատկությունները…

Վրաստանի հայկական հաստատություններն անընդհատ հարվածների և հարձակումների թիրախ են: Խոսքը դպրոցի, եկեղեցու և այլ կառույցների մասին է: Բացառություն չէ նաև այս դեպքը: Փաստորեն, վրացական իշխանություններն այս ամենը ձեռնարկում են ի հակակշիռ Թիֆլիսի սբ. Նշան եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի ու պահանջատիրության: Թերևս, նաև Հովհ. Թումանյանի տան հետ կապված հայկական կողմի ձգտումներին ի պատասխան: Սա մեր հարևանի նենգ վրիժառության և ստոր մղումների ուղղակի արտահայտությունն է: Գործում է մի այսպիսի դարձյալ շատ լավ մտածված գործելակերպ: Գործարարությունը Վրաստանում ոչ այլ ինչ է, քան քաղաքական կաշառասունության <կոռուպցիայի> ասպարեզ` ազգային շահերի և խնդիրների հաշվին: Ըստ այդ ծրագրի` Երևանը տեղի հայերին անտեր է թողել, ահա, երևանցի հայերը եկել են, և այսուհետև իրենք պետք է ներկայացնեն ձեր խնդիրները, այլ ոչ թե դուք (այսինքն` Երևանը): Այս եղանակով փորձում են ընկճել ազգային արժանապատվությամբ և անկոտրում ոգով օժտված թիֆլիսահայերին` պառակտում մտցնելով հայերի մեջ:

Գործունյա և օրինապահ Յուրի Մկրտումյանցի նկատմամբ իրավապահ մարմինները <գործ են սարքում>. զանգվածային խուլիգանության հոդվածի հատկանիշներով սպառնում է 7 տարվա ազատազրկում: Նրան կոպտորեն առաջարկում են այլևս չգնալ հայկական այդ դպրոցը, մինչդեռ նրա 4 երեխաները սովորում են այդ դպրոցում, և նա, բնականաբար, իրավունք ունի պաշտպանելու իր զավակներին: Այն էլ ասենք, որ դպրոցի աշակերտները համախմբվել են և ուժեղ հակահարված տվել սանձարձակ հրոսակներին, ինչն անսպասելի, անակնկալ է եղել: Այժմ ծնողները և աշակերտները պահանջում են հեռացնել սադրանքներ ու խուլիգանություն հրահրող այդ տղային` անարգ գործիքին, որ հանգիստ մթնոլորտ տիրի դպրոցում: Ոստիկանական վարչությունն սպառնում է Մկրտումյանցին, փորձում ընկճել նրան, ստիպել, որ ասպարեզը զիջի ստահակներին: Պետք է ասել նաև, որ այս գործելաոճը հայոց դպրոցի դեմ անպայմանորեն կիրառվելու է նաև Վրաստանի հայկական այլ տարածաշրջաններում, օրինակ` Ջավախքում, որպեսզի վերջնականապես ջախջախեն հայոց դպրոցները և կործանարար հարված հասցնեն մեր ինքնությանը: Դրանով իսկ հայերը կամ ձուլվելու են վրացիներին, կամ էլ հեռանալու են երկրից:

Սա ռազմավարական համակարգված և մանրամասնաբար մշակված ծրագիր է: Վիճակը արտասովոր է այն պարզ պատճառով, որ բախման մեջ ներգրավված են ՀՀ քաղաքացին և վիրահայությունը: Նուրբ տեխնոլոգիայով մեր ձեռքով մեր աչքն են հանում. վնասվող կողմը, բոլոր դեպքերում, մենք ենք` հայերս: Միակ ելքը, մեր կարծիքով, ՀՀ իշխանությունների անհապաղ միջամտությունն է: Պետք է պետականորեն պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները: Խիստ անհրաժեշտ է որևիցե կառույցի, օրինակ` խորհրդարանի, ԱԳՆ-ի, ԳԿՆ-ի հիմնավոր ու շուտափույթ աջակցությունը: Բնական հարց է ծագում. որտե՞ղ է Վրաստանում Հայաստանի դեսպանը և ինչո՞վ է զբաղված: Չէ՞ որ նա ի պաշտոնե կոչված է առաջնորդվելու ՀՀ Սահմանադրության իրավանորմերով, ի մասնավորի, հոդված 11-ի դրույթներով, առավել ևս, որ բախման մեջ ներգրավված են վիրահայությունը և ՀՀ քաղաքացին: Միջադեպը վտանգում է հայկական <<սփյուռքի>>` վիրահայության ազգային կյանքը, խաթարում մշակութային, կրթական գործունեությունը:

Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս նշելը, որ սբ. Նշան եկեղեցու առիթով ելույթներ է ունենում Վրաստանի պատրիարքարանի մամլո քարտուղարը և հայտարարում. <Մենք սբ. Նշան եկեղեցին երբեք էլ չենք տալու հայերին: Երևանում ոչ բոլորն են այդ կարծիքին: Վերադարձրեք Լոռվա մեր եկեղեցիները (խոսքը հայ  քաղկեդոնական եկեղեցիների չարչրկված հիմնախնդրի մասին է)>: Այսինքն` սա հստակ առևտուր է և այն էլ` միակողմանի: Վրացիները երբևէ մտադիր չեն զիջելու Թիֆլիսի հայոց եկեղեցիները հայկական կողմին: Ի դեպ, Թիֆլիսի ոստիկանությունը, խուսափելով մեծ աղմուկից, փորձում է նաև փակել գործը: Առայժմ հայերը ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրում: Այժմ աշակերտները դպրոց են գնում միայն ծնողների հսկողությամբ, որովհետև ամեն պահի կարող են ծեծվել և բռնության ենթարկվել:

Մի՞թե մեր հոգում վերջնականապես մեռել է հայրենակիցներին պաշտպանելու բնական ձգտումը և հերթական անգամ պետք է զիջենք օտարին: ՀՀ իշխանությունները կարող են սեփական քննություն կատարել և պատժել մեր երկրի քաղաքացի հիշյալ օտարահաճ օրինազանցին: Ամենակարևորն այն է, որ Հայաստանում պետք է ճանաչեն դավաճաններին և իսկական հայրենասերներին: Մարտավարությունն այն է, որ ՀՀ իշխանություններն ուժեղացնեն ազգային նկարագրով օժտված և հայրենասեր վիրահայերի հատվածը. այդ նրանք են պաշտպանում, մասնավորապես, Թիֆլիսիի հայոց եկեղեցիները, որի համար էլ ենթարկվում են ճնշումների:

Ռ. Զուրիկյան

Leave a Reply