Դաշնակցությունը` Դաշնակցության մասին (առանց մեկնաբանելու)

Բաց նամակ պարոն Ռոբերտ Քոչարյանին

Պարոն Քոչարյան.

Ձեր նախընտրական հենց առաջին ելույթից հետո մեզ պարզ դարձավ, որ Դուք շարունակում եք Ձեր նախորդի քաղաքականությունը և ավելին, երբ Ձեր կողքին հայտնվեց ՍՍՀՄ ՊԱԿ-ի նախկին գործակալ Էդուարդ Հովհաննիսյանը և նրա որդին` նույնպես լրտես Վահան Հովհաննիսյանը և նախկին ՀՀՇ վարչության անդամ ոմն Աղվան Վարդանյան, մեզ համար այլևս հանելուկ չմնաց…Լ. Տեր-Պետրոսյանը, թերևս նաև Դուք, սերմնացանը եղաք Ղարաբաղցի-Հայաստանցի` ազգը պառակտող անբարոյական քաղաքականության, որի դառը պտուղները մենք դեռ շատ երկար կվայելենք… Ինչևէ, Ձեզանից ոսկե սկուտեղի վրա որպես նվեր ստանալով ազգային հեռուստատեսությունն ու ռադիոն, ՀՅԴ կոչվող դեկորատիվ-լրտեսական կազմակերպությունն սկսեց իր սանձարձակ շանտաժն ու սպառնալիքները այս կամ այն անհատների և կազմակերպությունների հասցեին` <<հիմա մենք պիտի պատժենք, ոչնչացնենք>>և այլ քաջնազարային հայտարարություններով, և երբ հերթը հասավ Ձեր հակառակորդ թեկնածուներին լկտիաբար վարկաբեկելուն, մեզ համար այլևս կասկած չմնաց, որ Դուք հանդիսանում եք այդ վարկաբեկված կուսակցության անդամը: Չենք կարող ասել` վախենում ենք, թե ամաչում այդ մասին հայտարարել: Մենք հակված ենք մտածելու, որ ամաչում ենք, քանի որ քաջ գիտենք, 1907 թվականին, երբ Հոյդա կոչվող կուսակցությունը հայտնվեց երիտթուրքերի ծնկներին, Մեծն Անդրանիկը թքեց այդ կուսակցության ճակատին և հայտարարեց, որ <<իմ կուսակցությունը ժողովուրդն է>>: Այսօր Դուք կրկնելով Մեծն Անդրանիկի մարգարեական խոսքերը , գոնե մեկ անգամ չհիշատակեցիք նրա անունը, որ այդ խոսքերն Անդրանիկինն են: Այս Դուք այն չէիք հիշի, քանզի մարտի 14-ին, երբ ՀՅԴ օրգան հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ շարքային հարբեցող, այդ հողի վրա հոգեկան խանգարում ստացած Վահան Հովհաննիսյանը և հայտարարեց, թե  <<շուտով մեր հզոր բանակով մենք դուրս կգանք Միջերկրական ծովի ավազան, այնուհետև մեկ հպումով դեպի Հնդկական օվկիանոս և այդ բոլորը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ>>, Դուք, թերևս ծափահարում էիք նրան` սանձահարելու փոխարեն: Երևի մտածում էիք, թե իրոք Դուք Ալեքսանդր Մակեդոնացին եք… թերևս:

Պարոն Քոչարյան, Դուք ինքներդ Ձեզ սկսեցիք վարկաբեկել, երբ թույլ տվիք (բացահայտորեն) ամերիկյան գաղտնի ծառայությունների գործակալներին`(Հոյիդայի ստահակներին) վարկաբեկելու նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին` ցինիկաբար: Չնայած իր ժամանակին թույլ տված սխալներին Կ. Դեմիրճյանը մեծ ներդրում ունի մեր հանրապետության կառուցման ու զարգացման գործում: Միայն այն փաստը, Հայաստանը հանդիսանում էր ՍՍՀՄ-ի ամենաեկամտաբեր հանրապետությունը, ինքնին խոսում է այդ մասին և Դուք հարգանքի կարժանանայիք, եթե սանձեիք արդեն իսկ Ձեզ վարկաբեկող կուսակցության խեղկատակներին: Բանը հասել է այնտեղ, որ դատապարտման (կալանքի) ժամկետն անգամ չլրացած հանցագործին ՀՅԴ լրտեսական դեկորատիվ կուսակցությունը նշանակում է պաշտոնների… Դուք, պարոն Քոչարյան, Ձեր կուսակցության հետ միասին, շարունակելով Լ. Տեր-Պետրոսյանի սկսած սև գործը այն ավելի եք խորացնում Ձեր կողմից <<ստեղծագործվող>> նորանոր հարկատեսակներով, որոնց մասին աշխարհի շատ պետություններն առաջին անգամ են լսում (թերևս Ձեզանից սովորելու շատ բան ունեն): Դուք անգամ չխորշեցիք Հայկական անձնագիրը` կոնյակի գործարանը վաճառել իր հակառակորդին` ֆրանսիական կոնյակի ֆիրմային, որին, բնական է, կհետևի հայկական կոնյակի ոչնչացումը, ինչը որ երազում էին ֆրանսիական ֆիրմաները: Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել 1970-ին ներկա լինելու Փարիզում այն մեծ հաղթանակին, երբ Համաշխարհային ցուցահանդեսում տեղի ունեցավ Հայկական կոնյակների հաղթարշավը, երբ բոլոր 10-ը ոսկե մեդալները շահեցին մեր կոնյակները, որին էլ հետևեց ֆրանսիական կառավարության բողոքի նոտան, թե մենք իրավունք չունենք  օգտագործելու <<Կոնյակ>> անունը, դա ֆրանսիական քաղաք է, որտեղ և առաջին անգամ արտադրվել է կոնյակը… Հետագան բոլորիս համար էլ պարզ է:

Մի հարց եմ ուզում տալ Ձեզ, արդո՞ք այդ երեսուն միլիոնի հետևում թաքնված չէ մի այլ երեք հարյուր միլիոն, ո (մեր ձեռքում եղած թերթի այդ տողն անընթեռնելի է, առաջիկայում կձգտենք անպայման վերականգնել այն. <<Քաշաթաղ>>) կերի գաղտնի հաշիվներում… Ինչևէ. մեր պարզ հաշվարկներով Հայաստանի բնակչի ամսեկան եկամուտը (ընտանիքի) կազմում է 7 դոլար, իսկ անձամբ Ձեր կողմից պարտադրված կոմունալ-կենցաղային ծախսերն ու առասպելական հարկերը հասնում են 100 դոլարի… Ինչի՞ տեղ եք դրել մեր ժողովրդին` գողի, էշի, թե՞ մարմնավաճառի` ինչպես գրված է Ձեր կուսակցության պաշտոնաթերթ <<Ազատամարտի>> առաջնորդող հոդվածում:

Պարոն Քոչարյան, Դուք ընտրարշավի ընթացքում խոստացաք ազգային միասնության քաղաքականություն: Հիմա մենք չենք հասկանում, եթե սա է Ձեր ազգային միասնության քաղաքականությունը, ապա այն դեպքում ո՞րն է ազգի պառակտումը: Ժողովրդին այդքան դաժան ձևով խաբել պետք չէ… նա գիտե նաև թքել, որը կխեղդի խաբեբաներին: Խորհուրդ ենք տալիս կարդալ <<Հայուն թուքը>> Մեծն Պատկանյանի հայտնի բնասատեղծությունը, որը գրված է նաև այսօրվա համար: Դուք պարոն Քոչարյան, շուտ եք մոռացել կամ տեղյակ չեք, թե ինչո՞ւ Անդրանիկի թքին 1920-ին հետևեց Մեծն Գարեգին Նժդեհի թուքը Ձեր կուսակցության ճակատին և նա նույնպես հեռացավ կուսակցությունից: Պատճառը յուրաքանչյուր գրաճանաչ հայ գիտի: Խորհուրդ կտայինք, որ Դուք էլ կարդայիք և իմանայիք ճշմարտությունը: Ձեզ համար թերևս գաղտնիք չէ, որ օտար գաղտնի ծառայությունների ծնկներին նստելու մեծ փորձն ու վարպետությունը եկան մեկընդմիշտ վարկաբեկելու մեր ժողովրդի համար իդեալ դարձած <<Հայ Հեղափոխականների կուսակցությունը>>, որից նրանք թողեցին միայն Հայ Հեղափոխական (ոչ հեղափոխականների) կուսակցություն և որը իրոք որ ծառայում է հիմնականում  նրանց գրպաններին… 1920-ին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրից հետո, <<վայելելով>> Գարեգին Նժդեհի թուքը, ՀՅԴ-ն հայտնվեց այս անգամ արդեն Գերմանական գաղտնի ծառայությունների ծնկներին` միաժամանակ սկսելով մարտկոցային շարժումը` պառակտելով ազգը: Վերջապես, իրենց իսկ խոստովանությամբ, (Էդվարդ Հովհաննիսյան) նրանք <<համագործակցել են ինչպես Ամերիկյան, այնպես էլ խորհրդային գաղտնի ծառայությունների հետ` հանուն ազգային շահերի…>>: Ամեն ինչ ասված է, պարզ է, ո՞րն է ազգային շահը մի կուսակցության, երբ մինչ 1991 թվականը իր ոտքերի տակ հայրենի հող անգամ չունենալով, գոյատևում էր օտար երկրներում, անգամ մինչ օրս` խաբելով, ահաբեկելով միլիոնավոր դոլարներ շորթելով մեր սփյուռքահայ եղբայրներից ու քույրերից: Նրանք ձեռնածուներ են և լավ գիտեն մեր ժողովրդի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալ… Այսօր, պարոն Քոչարյան, օդ ու ջրի նման մեզ հարկավոր է միասնություն, Համազգային, Համահայկական կուռ միասնություն: Ավաղ, Դուք, միմիայն Դուք ոչ միայն չկատարեցիք Ձեր նախընտրական շռայլ խոստումները ազգայի միասնության քաղաքականություն վարելու, այլ շատ ավելի դաժան ձևով շարունակում եք օտար գաղտնի ծառայությունների հավատարիմ գործակատար Լ. Տեր-Պետրոսյանի սկսած գենոցիդը հայ ժողովրդի դեմ: Այս արանքում չեք մոռանում մուրացկան դրամաշորթների հանդիսավոր ճանապարհումը արտասահման` սփյուռքահայությանը խաբելու և դրամ շորթելու նպատակով: Մենք հաջորդ համարում կանդրադառնանք վերջերս Ձեր գլխավոր խորհրդական, մտագար Վահան Հովհաննիսյանի ԱՄՆ կատարած մուրացկանական առաքելությանը փաստերով, որի տեսագրություններն ու ձայնագրությունները շուտով կունենանք մեր ձեռքի տակ: Պարոն, Դուք Արցախ աշխարհը դարձրել եք Ձեր գլխավոր խաղաքարտը պետական մուրացկանությունը առավել առաջավոր ուղիների վրա դնելու համար, մոռանալով, որ այսօր արցախցին մի քանի անգամ ավելի լավ է ապրում, քան քանդված ու ավերակ դարձած Հայաստան աշխարհը, որի զավակների մի զգալի մասը քոչվորների նման ապրում են խողովականման կացարաններում, անմարդկային պայմաններում և որի համար, ինչպես ասում են, մատը մատին չեք խփում… Ավելին սպասել չէր էլ կարելի, քանզի Ձեր թիմը կազմավորեցիք միմիայն ժողովրդի կողմից մերժված (պաշտոնապես) անգործունյա շնչավորներից` արհամարհելով ձեզանից շատ ավելի ձայն հավաքած կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք գոնե խոչընդոտ կհանդիսանային Ձեր ազգաքանդ, պառակտիչ <<քաղաքականությանը>>: Գործը հասցրել եք այնտեղ, որ պաշտոնների եք նշանակում մարդկանց, որոնք ամբողջ կյանքում մի քար անգամ չեն դրել հայոց պատին: Ավելին, Արագածոտնի մարզպետ եք նշանակել մեկին, որը մինչ կոկորդը թաղված է Բերդաձորի, Շահումյանի և Մարտակերտի ողբերգության արյան մեջ: Երևի մոռացել եք Շահումյանի շրջանի և Մարտակերտի դավաճանական հանձնումը թուրքին, որի հեղինակները միմիայն Հոյդա կոչվող լրտեսական կուսակցությունն էր, որի մեջ իր գլխավոր բաժինն ուներ ՀՅԴ անդամ Իգոր Մուրադյանը իր հինգ մարդուց բաղկացած հանցախմբով, որոնք հայտնի էին <<Իգորի թուլեք>> անունով և նրանցից ամենագործունյա մատնիչը Հրայր Կարապետյան անուն ազգանունով շնչավորն էր` Մարիուս Յուզբաշյանի ամենահավատարիմ գաղտնի գործակալներից մեկը… Լավ եք սկսել <<սա է վերջին թալանի>> սկզբունքը: Շուտով հանրապետության ոստիկանական ղեկավար պոստերում կհայտնվեն ամերիկյան դաշնակները և պատկերը ավելի հստակ կլինի… Վերջապես, Դուք պարտավոր եք ժողովրդին զեկուցելու Կոնյակի գործարանի <<վաճառքի>> հետ կապված <<առեղծվածի>> մանրամասները: Մեր հաստատ համոզմամբ կատարվել է դարի հանցագործությունը, որի բացահայտման համար պահանջում ենք մանրամասն քննություն և որին հիմնականում պետք է մասնակցեն հանրապետության այն կուսակցությունները, որոնց ժողովուրդը վստահել և ձայն է տվել, այդ թվում նաև մեր կուսակցությունը, այլ ոչ թե Ձեր գրպանի կուսակցությունները, որոնք մերժված են ժողովրդի կողմից և որոնք Ձեր հլու-հնազանդ կամակատարներն են: Իրավապահ մարմիններ այսօր մենք չունենք:

Պարոն Քոչարյան, իսկ Ձեր հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, <<Նորքի>> թղթակցի հարցին, թե <<Ի՞նչ կասեք վերջին շրջանում ավելի հաճախ Ձեր հրաժարականին վերաբերող ասեկոսեներին>>, Դուք 180 աստիճան շրջելով հարցը, խոսեցիք հեղաշրջման մասին, որը մենք, ճիշտն ասած, լսեցինք առաջին անգամ: Երևի դա ժողովրդին ահաբեկելու ավելի ձեռնտու տարբերակ էր Ձեզ համար: Իսկ Ձեր հեգնական այն հարցին, <<թե Հայաստանում այդ ո՞ր տղամարդն է, որ ուզում է հեղաշրջում կատարել, թող գա իմ առաջ ասի թե ես եմ կամ հասցեն ասեք տեսնեմ ո՞վ է>>,-պատասխանում եմ.

Ես պարոն չեմ գա և ասի, թե ես եմ: Ես գրում եմ գրավոր, որ ես եմ այդ տղամարդը, որն ուզում է ոչ թե հեղաշրջում անել, այլ ոտքի ելնել և ոտքի հանել ժողովրդին: 20-րդ դարի վերջում Ձեր կողմից կատարվող գենոցիդին վերջ տալու համար: Ի վերջո, Դուք և ձեր նախորդը պատասխան եք տալու այս բոլորի համար…

Իմ հասցեն է` Հայաստան, Երևան, Էդամ-ինչպես գրում են Ձեր մարմնավաճառ թերթոնները;

ՀՀՀԴԿ նախագահ

Հարություն Արիստակեսյան

<<Դաշնակցություն>> թիվ 1 (108), սեպտեմբեր, 1998թ.

Ծանոթություն. հոդվածն արտատպվում է նույնությամբ` պահպանելով հեղինակի ոճը, շարադասությունը, կետադրությունը: 

Leave a Reply