«Սերժի վրա տարածքների վերադարձի խնդիր է դրված, ուստի պետական դավաճանի պիտակից խուսափելու միակ միջոցը պատերազմն է»

Գյումրիում` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննության ընթացքի եւ Սերժ Սարգսյանի` որպես հանցագործի, պետական դավաճանի ու թուրքական գործակալի հայցով, «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Ռոբերտ Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վերջինս «Ասպարեզի» հետ զրույցում նշեց, որ բոլոր վճիռները եւ պայմանագրերը, որոնք ստորագրվել են մինչ այդ, պետք է ճանաչվեն առոչինչ եւ անօրինական, իսկ Ս.Սարգսյանի եւ նրա համակարգերի գործունեությունը պետք է կասեցվի:

 

Զրուցակիցս նշեց, որ դատարանում արդեն երկրորդ անգամ է քննություն իրականացվում, որի առանցքում ընկած են Գյումրու դեպքերը:

«Փաստացի, դատավարության նպատակն այն է, որ Գյումրու դեպքերը ծրագրված են ռուսական ՖՍԲ-ի աշխատակիցների կողմից, որ Ավետիսյանների ընտանիքին բնաջնջելով, հայ ազգի ներկայացուցիչներին պետք է վրեժխնդրության դրդեին, եւ սադրիչ գործողությունների շրջանակներում հարձակում հրահրվեր Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա, որի ընթացքում երկկողմանի սպանդ էր սկսվելու:  Ինչպես տեղյակ եք, Գյումրիում տեղի ունեցած այդ իրադարձությունների ժամանակ, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել: Նույն ժամանակահատվածում սկսվելու էր Ռուսաստանի հետ եւ Ադրբեջանի մասնակցությամբ, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների ազատագրումը, որի շրջանակներում տարածքները վերադարձվելու էին: Պաշտոնական փաստաթղթերով (նկատի ունեմ Լեւոնի, Քոչարյանի ու Սերժի ժամանակահատվածում ստորագրված) Արցախը, որպես տարածք, ամրագրված է Ադրբեջանի կազմի մեջ: Ըստ մեր պետական դավաճանների, ազատագրված տարածքներն էլ են համարվում ադրբեջանական: Հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում ստորագրված ճանապարհային քարտեզ կա: Նպատակը՝ ազատագրված տարածքների միջոցով` Մեղրի-Կապան-Գորիս-Սիսիան  ճանապարհով, դրանց միացումն է Թուրքիային, իսկ Հայաստանն ամբողջ Սյունիքը տալիս է Թուրքիային` մնալով Բաթումի պայմանագրով` մոտ 8000 քկմ տարածքով»,-մանրամասնեց Ռ.Սիմոնյանը:

Ըստ զրուցակցիս, քանի որ Սերժ Սարգսյանի վրա տարածքների վերադարձի խնդիր է դրված, ուստի պետական դավաճանի պիտակից խուսափելու միակ միջոցը պատերազմն է:

«Հիշու՞մ եք, երբ ադրբեջանցիները խփեցին հայկական ուղղաթիռը: Նաեւ այդ շրջանակներում էր նախատեսված տարածքների վերադարձը` տվյալ տարածքում տեղի ունեցող պատերազմի միջոցով: Հիշու՞մ եք, երբ Ալիեւը ֆեյսբուքի իր էջում եւ առհասարակ, համացանցում ներկայացնում էր, որ Զանգեզուրն ադրբեջանական տարածք է: Այդ ժամանակ Ալիեւն հրահրում էր, որ սրանք հայկական տարածքներ չեն, այլ ադրբեջանական, ուստի դրանց ետ վերադարձման խնդիր կա: Սա ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում է, որի պարտավորությունը ստանձնել է Սերժիկ Նարիմանովը, որի հիմա վրա տարածքները պետք է վերադարձվեն»,-նշեց զրուցակիցս:

Ռ.Սիմոնյանը նաեւ նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության որակումը սխալ է  եղել. դա ոչ թե սպանություն էր, այլ` ցեղասպանություն: «Սա միջազգային ահաբեկչություն է` դիվերսիոն գործողություններով` համատեղ ծրագրված  Ռուսաստանի ՖՍԲ-ի եւ մեր խամաճիկների կողմից: Այս ամբողջ գործողությունները պատահական չէին: Այստեղ Պերմյակովը երրորդական, չորրորդական մարդ է, ոնց որ ասում են` «կազյոլ ատպուշենիա»: Իրեն պաստավկա են արել, որ իրական խնդիրների ծրագիրը չեզոքացնեն, վերացնեն դրանք»,-հավելեց Ռ.Սիմոնյանը:

Անահիտ Սիմոնյան

Leave a Reply